Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռոբերտ Քոչարյանը՝ արբիտր

Ռոբերտ Քոչարյանը՝ արբիտր
17.02.2015 | 00:29

Ինչպես և սպասվում էր, ՀՀ երկրորդ նախագահը արձագանքեց ՀՀԿ-ԲՀԿ առճակատմանը և փորձեց ստանձնել արբիտրի դեր, որն իր համար ամենանախընտրելի կարգավիճակն է: Նա կոչ է անում վերադառնալ 00 կետին ու նորից կառուցել հարաբերությունները, բանավոր մենամարտով սահմանափակվել ու վարչական գործողությունները կասեցնել: Գործնականում Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ին ոչ թե հաշտեցման կոչով է դիմում, այլ կապիտուլյացիայի, որովհետև հայտարարված դիրքերից նահանջի դեպքում արդեն ՀՀԿ-ն պետք է բացատրի՝ ի՞նչ և ինչո՞ւ էր մեղադրանք առաջադրում, որից ինքն էլ հրաժարվեց: Եվ ինչպե՞ս է դա կոչվում: Ի վերջո, նաև Գագիկ Ծառուկյանին դա ձեռնտու չէ, որովհետև մեղադրանքը հնչել է, ու պիտի պարզվի՝ արդա՞ր է նա, թե՞ մեղավոր: Այլ հարց է, որ մեղադրանքը հնչել է քաղաքական հարթության մեջ, և պատասխանի անաչառությունը կասկածելի է լինելու:
ՈՒ հենց դա է Ռոբերտ Քոչարյանի արբիտրության իմաստը՝ ինչ եղել է, եղել է, ե՛ս եմ ասում, ուրեմն վերջ տվեք: ՈՒ եթե իսկապես նրա խոսքը ընդունվի, նշանակելու է, որ կայացել է երկրորդ ու երրորդ նախագահների համաձայնություն ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հարցում, այլև քաղաքական օրակարգի մյուս հարցերում՝ սահմանադրական բարեփոխումների և ամենաառանցքային հարցի՝ իրավահաջորդի: Սերժ Սարգսյանը չի կարող նահանջել այս կետում, ինչպես չի կարող նահանջել Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահի կարճ հարցազրույցը բացի ամեն ինչից, ի հայտ բերեց, որ նա ընդունել է իրեն նետված մարտահրավերը և պատրաստ է դիմակայել՝ ապավինելով եռյակի «մասսայական փողոցային գործողություններ» կազմակերպելու հնարավորությանը, որոնց հետևանքները, ինչպես ինքն է բնորոշում, «անկանխատեսելի են»: Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը 2008-ին չէր մտածում, որ «ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խոր ու երկարատև ճգնաժամ»: Որովհետև նախագահելու էր Սերժ Սարգսյա՞նը: Ինչո՞ւ երկրի գերծանրաբեռնված ու լրջագույն խնդիրների մասին չէր մտածում Գագիկ Ծառուկյանը: Իսկ եթե մտածում էր, ինչո՞ւ չառաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Հարցերի մի երկար տրցակ կա, որոնց պատասխանը մեկն է՝ Հայաստանում բոլորն են նախապատրաստվում 2017-2018-ի համապետական ընտրություններին ու սկսել են միմյանց վախեցնել 2015-ից: Ինչո՞ւ: Որովհետև ունեն պատասխանների տարբերակներ, բայց ո՛չ ՊԱՏԱՍԽԱՆ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի ամենակարևոր հայտարարությունը, սակայն, չի վերաբերում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Գագիկ Ծառուկյանին: Վերաբերում է ԲՀԿ-ին՝ ԲՀԿ-ն չի կազմալուծվի, ինքը թույլ չի տա: ՈՒրեմն, տեղական նշանակության մարտերը կշարունակվեն փոփոխական հաջողությամբ:

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ